ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Երևան-Փարիզ-Երևան. ուրախ և տխուր օրերի պատմություն

Երևան-Փարիզ-Երևան. ուրախ և տխուր օրերի պատմություն
28.07.2013 | 15:10

Ռումինացի գնչուհին Հայաստանի մասին լսել էր աղոտ: Ցեղասպանության մասին ընդհանրապես չգիտեր: Ասաց, որ հավատացյալ է, բայց չգիտեր, որ աստվածաշնչյան Արարատը մեր Արարատն է: Մի քիչ խոսելուց հետո ափսոսաց, որ շատ բան չգիտի. «Հեռուստատեսությամբ շատ բան չենք իմանում, ինֆորմացիան էլ ընտրովի է` ինչից ինչքան»: Սա Սանկտ-Պետերբուրգ-Մոսկվա գնացքում էր: Իսկ դրանից մի քանի օր առաջ Փարիզ-Մոսկվա օդանավում ֆրանսուհի մադամ Նիկոլոն, ով իր 80-ամյա ամուսնու հետ արդեն երկրորդ անգամ էր Ռուսաստան մեկնում, ասաց, որ Հայաստանի մասին շատ քիչ բան գիտի, ինչը հավասար է չիմանալուն: Տիկինը ինտերնետի հետ «գլուխ չուներ», իսկ Հայաստանի մասին վիրտուալ աշխարհից դուրս որևէ ինֆորմացիայի չի հանդիպել: Մի քիչ խոսելուց հետո սկսեց հարցեր տալ, հետո ամուսնուն աշխույժ փոխանցում էր իմ ասածները: Հայաստանի մասին աշխարհում շատերը չգիտեն, ու սրա համար թուրքը կամ ադրբեջանցին հաստատ մեղավոր չէ: …Սևանից երկու տղամարդ արտագնա աշխատանքի էին մեկնում Երևան-Մոսկվա օդանավով: Գործատուն ինքն էր տոմս ուղարկել: Հույս ունեին, որ փող կաշխատեն. «Շատ ծակուծուկ ունենք փակելու»: Իսկ հետդարձի ճանապարհիս հանդիպած ծանոթները, ովքեր վաղուց արդեն ռուսաստաններում են, ասացին, որ հետ գալու միտք չունեն: Էնպես որ «Արի տունը» չի ստացվում, ու ընդհանրապես վաղուց միայն խոսքով ու կոչերով չի ստացվում: Մոսկվայաբնակ նկարիչ Հենրի Էլիբեկյանը իր հարցազրույցներից մեկում ասել էր. «Հայերը ճախրող ժողովուրդ են, նրանք գնում են նվաճելու աշխարհը»: Գենրիխը, ինչպես ինքն է սիրում, որ իրեն կոչեն, ճիշտ է, բայց վերջին տարիներին ընթացող պրոցեսները աշխարհանվաճման այդ կոնտեքստից դուրս են մեծ չափով: Մարդիկ հեռանում են սոցիալական հարց լուծելու առաջին հերթին: Փարիզում գտնվելուս վերջին օրը ընկերներս ինձ հաճելի ժեստ արեցին` գնացինք Mouffetard կոչվող հայտնի փողոցում գտնվող Colbeh ռեստորան, որի վրա գրված էր` պարսկական եւ հայկական խոհանոց: Ֆրանսիացի ընկերներս գաղափար չունեն հայկական խոհանոցի մասին: Նրանց թվում էր, թե ինչ այստեղ մատուցվում է, հենց հայկական է: Իրականում հայկական խոհանոցին հատուկ որեւէ ճաշատեսակ չկար: Քիչ անց մի երկարամազ, մորուքով տղամարդ մոտեցավ երաժշտական գործիքներին ու… «Քեզ սիրեցի, սիրունիկ հայ աղջիկ»-ը երգեց: Նրան բոլորը որպես Սուրենի գիտեն: Սուրեն Խոդաբաշխին է: Երկու անգամ ելույթներով հանդես է եկել Հայաստանում: Դիտողությանս ի պատասխան ասաց, թե սկզբում հայկական ռեստորան էր, գնացողները քիչ էին, փոխեց` պարսկական-հայկական և հիմա գոհ է: Փարիզահայերը երևի այլ ազգային խոհանոցներն են նախընտրում, իսկ ռեստորանում ինձնից բացի հայ չկար, պարսիկներ` բավականին: Փարիզում վերջին օրվաս ակորդը Սուրենի ռեստորանում նրա երգի տակ պարելն էր: Սուրենը ուրախ էր այստեղ հայ տեսնելու համար, պատմեց, թե ինչպես է Փարիզ հասել 30 տարի առաջ: Հայի տխուր պատմություն էր: Իննօրյա ճամփորդությանս ընթացքում եղա Բրետանի մի շարք քաղաքներում, Փարիզում, ապա Մոսկվայում ու Սանկտ-Պետերբուրգում: Ահա թե ինչ «դասեր» առա. մենք հարուստ պատմություն ունենք, բայց այն խնամել-սիրել չգիտենք: Մենք հարուստ մշակույթ ստեղծած ազգերից մեկն ենք, բայց մեր մշակույթը աշխարհին ներկայացնել չգիտենք: Մենք տաղանդավոր ժողովուրդ ենք, յուրօրինակ ճարտարապետություն ունենք` դասական սակավախոսության մեջ զարմանալիորեն խոսուն, սակայն դա մեր քաղաքներից չի երևում: Մենք իրականում հարուստ խոհանոց ունենք, բայց դրա մասին գաղափար անգամ չունենք: Մենք շատ քիչ ենք մնացել Հայաստանում, բայց իրար պահպանել չգիտենք: Ֆրանսիայում անցկացրածս հինգուկես օրերը հագեցած էին ֆրանսիական ճարտարապետության նմուշներով, խոհանոցով, մարդկանց հետ շփումներով: Երկրորդ անգամ սիրեցի Ֆրանսիան ու ցավեցի Հայաստանի համար: Եվրոպան աշխարհի կենտրոնն է, այստեղ են խաչվում տարբեր քաղաքակրթությունները, բայց Հայաստանն էլ Եվրոպայի և Ասիայի «խաչմերուկում ,է ու սա պակաս առավելություն չէ այն ճիշտ օգտագործելու դեպքում: Արդեն Հայաստանում սկսել են ավելի հաճախ երևալ տարբեր ազգությունների ներկայացուցիչներ: Դա ինձ ուրախացնում է: Որևէ հասարակություն չի կարող զարգանալ, եթե միատարր է: Տարբեր ազգություններ կարող են իրենց մշակույթը բերել, շփումները նրանց հետ կարող են հարստացնել հայաստանցիներին: Գնչուհի Քրիստինան հարցրեց, թե որքան բնակչություն ունի Հայաստանը: Ասացի` 3 մլն: Պաշտոնական այս թվին ինքս չեմ հավատում, բայց ուզում էի հնարավորինս մեծ թիվ ասել Քրիստինային: Նա ցավով նկատեց, որ շատ քիչ է նման հարուստ պատմություն ունեցող ազգի համար: Ասացի, որ մի 10 մլն էլ դրսերում են: Ասաց. «Նրանք արդեն Հայաստանինը չեն…»:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ.Գ. Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին և հյուպատոս Իվան Սերժեֆին: Առանց նրանց աջակցության իմ այս ուրախ-տխուր, բայց և միաժամանակ հարուստ ճամփորդությունը չէր կայանա:

Դիտվել է՝ 1907

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ